Միջազգային հարաբերությունները հիմնված են ոչ թե միջազգային իրավունքի, այլ ուժերի հարաբերակցության վրա:
Կարծում եմ` այս մտքի ճշմարտացիությունը լավագույնս զգացել ենք մենք` Հայաստանի քաղաքացիներս: Բայց այս միտքը շատ հաճախ ներկայացվում է խեղաթյուրված:
Շատերն այս միտքը որպես ապացույց ներկայացնելով հիմնավորւոմ են` մեծերի խաղի մեջ փոքր ենք:
Այո՛, փոքր ենք, բայց ուժերի հարաբերակցությունը միայն մեծ ու փոքրի տիրույթում չէ: Գործոնները բազմաթիվ են ու կարող են լինել տարբեր հարթություններում:
Այլ հարց է, երբ երկրիդ կառավարիչն աշխատում է ոչ թե այդ գործոնները կապիտալիզացնելու, այլ հակառակը` դրանք չեզոքացնելու ուղղությամբ:
Օրինակ, անհասկանալիորեն երկիրդ գցում է թշնամու կողմից ճանաչման դաշտ: Հնարավոր բոլոր ձևերով հայտարարում է, որ ճանաչում է թշնամու երկրից ավելի մեծ տարածքը որպես թշնամունը (86.6 հազար քկմ), բայց Ալիևը մի անգամ նույնիսկ ակնարկ չի արել մեր փոքրացած ու մնացած 29.8 հազար քկմ-ի ճանաչման կամ հավակնություննրի բացակայության մասին:
Մեկ այլ օրինակ, արևմտյան պետությունները Հայաստանին հետևողականորեն ուղղորդում են դեպի վերջնական կապիտուլյացիա, և դա սկսվեց այն ժամանակ երբ Հայաստանի ոչ բարով կառավարիչը հայտարարեց, որ պատրաստ է նշաձողն իջեցնել այնքան, որքան պետք է:
Սահամանափակվելով երրորդ օրինակով նշեմ, որ Հայաստանի և Արցախի շուրջ եղած անվտանգային համակարգի բոլոր բաղադրատարրերի գործողությունները հետևողականորեն դադարեցվել են:
Իհարկե ներկայացված բոլոր գործոնների, իրողությունների մեջ մեղավորության սլաքները, ըստ ընթերցողի ֆանտազիայի, կարող են տարբերվել: Բայց, այս բոլոր թեզերի իրական չարագործը Հայաստանը զավթած տարրն է:
Կարեն ԱՎԱԳՅԱՆ